Թեեւ միջազգային շուկայում ադամանդի գինը նվազել է մոտ 20 տոկոսով, ռուսական «Ալռոսան» թանկացրել է Հայաստան մատակարարվող ալմաստի գինը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ադամանդի մշակմամբ զբաղվող «Արեւակն» ընկերության տնօրեն Վարդան Անդրեասյանը: Նրա խոսքով սակայն ընկերությունը չի դադարեցրել ադամանդի հումքի գնումները «Ալռոսայից», որպեսզի ռազմավարական համագործակցությունը չխաթարվի: «Երբ հումքը գնեցինք, արդեն գիտեինք, որ վնասներ ենք կրելու, բայց գնացինք դրան, որպեսզի հետագայում մատակարարումները չդադարեն»,- ասաց Վ. Անդրեասյանը: Նրա տեղեկացմամբ` «Ալռոսան» միակողմանիորեն է սահմանում ալմաստի գները, իրենց մնում է համաձայնել, կամ չհամաձայնել դրա հետ:

«Ալռոսայի» ադամանդների թանկացման փաստը հաստատեց նաեւ «Լորի» ընկերության փոխտնօրեն Գրիգորի Շահնազարյանը, որի խոսքով` ստիպված էին զգալի նվազեցնել գնման ծավալները:  «Տեսնենք` այս անգամ ինչ գին կառաջարկեն, ըստ այդմ կորոշենք թե որքան ենք գնելու»,- ասաց Գ. Շահնազարյանը:

Հարցին, թե ինչ արժեն ալմաստները` զրուցակիցները հստակ պատասխան չտվեցին, նշելով, որ գինը կախված է քաշից, գույնից, վնասվածության աստիճանից: Օրինակ` Վ. Անդրեասյանն ասաց, որ 0.5 կարատանոց ալմաստը գնել են 400 դոլարով, 0.75 կարատանոցը` 520 դոլարով: Մշակումից հետո ալմաստի քաշի մոտ 50 տոկոսը կորչում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ աշխատանքներ են տարվում հումքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Նշենք, որ ներկայում Հայաստանը ադամանդի հումքի 90 տոկոսը ստանում է ռուսական «Ալռոսա» ընկերությունից: