Հոնգկոնգյան  Fortune Oil ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ֆորչն Ռիզորսիս»-ը տարածել է մամլո հաղորդագրություն, որում անհիմն է համարել Հրազդանի երկաթի հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանական մտահոգությունները:

Նշենք, որ Fortune Oil ընկերությունը Հայաստանում իրավունք է ձեռք բերել շահագործելու Հրազդանի եւ Աբովյանի երկաթահանքերը:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը Հրազդանի երկաթի հանքավայրի զարգացման եւ հարստացուցիչ գործարանի նախագծման ու կառուցման համար նախատեսում է ներդնել ավելի քան 110 մլն դոլար, իսկ Աբովյան քաղաքի մերձակա տարածքի պաշարները հետախուզելու եւ արդյունահանելու նպատակով նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 400 մլն դոլարը:

«Հավաստիացնում ենք, որ ընկերության առայսօր կատարած աշխատանքները վտանգավոր չեն եւ հետագայում եւս որեւէ վտանգ չեն առաջացնելու հանքերին մերձակա տեղանքի, հարակից բնակավայրերի ու բնակչության առողջության համար»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Ապատեղեկատվություն է համարվել երկաթի հանքաքարում ուրանի առկայության մասին լուրը, իսկ ստորջրյա ջրերի ծանր մետաղներով աղտոտվածության մասին կանխատեսումը համարվել է «չհիմնավորված»: