Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների, ինչպես նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ կուսակցության մյուս անդամների ազատ արձակման վերաբերյալ Արեւմուտքի եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ տարվող բանակցություններն ակտիվացել են, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:
«Ըստ էության, պաշտոնական Բաքուն տվել է իր համաձայնությունը առաջիկա տարվա ընթացքում ազատ արձակել ապրիլի 2-ի գործով քաղբանտարկյալներին, սակայն այդ քայլին ի պատասխան` որոշակի զիջումներ է պահանջում Արեւմուտքից: Մասնավորապես, իշխանությունները չեն ցանկանում քաղբանտարկյալների հետ մեկտեղ ազատ արձակել իսլամականներին», գրում է «Պոլիգոնը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի Ծանր հանցագործությունների գծով դատարանը, հոկտեմբերի 7-ին, դատավճիռ է կայացրել Իսլամական կուսակցության նախագահ Մովսում Սամեդովի, կուսակցության փոխնախագահ Վագիֆ Աբդուլաեւի, ինչպես նաեւ կուսակցության անդամներ Ռուֆուլլա Ախունդզադեի, Դեյանաթ Սամեդովի, Ֆերամիզ Աբասովի եւ Զուլֆուգար Միքայելզադեի նկատմամբ:
Վերոնշյալ անձինք մեղադրվում են իրենց տանը զենք ու զինամթերք պահելու, ինչպես նաեւ Իրանի իսլամական հանրապետության «Սահար» հեռուստաալիքով ելույթ ունենալիս ատելություն, թշնամություն եւ ազգային անհանդուրժողականության սերմանող, կրոնական, ազգային, ռասսայական պատկանելիությունից ելնելով քաղաքացիների ազատությունը սահամանափակող հայտարարությոններ տարածելու մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Իսլամական կուսակցության նախագահը եւ կուսակցության մի շարք անդամներ ձերբակալվել էին 2011-ի հունվարին:



























