Ադրբեջանի ներիշխանական օղակներում վերջին շրջանում տեսակետների խիստ անհամապատասխանություն է, քանի որ իշխանական երկու հիմնական խմբավորումները տարակարծիք են երկրում բարեփոխումներ անցկացնելու հարցում, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով ներիշխանական իր աղբյուրները:
«Իշխանական ամենաազդեցիկ խմբավորումներից մեկը` Նախիջեւանյանը, հանդես է գալիս բարեփոխումների անցկացման դեմ: Նրանք համոզված են, որ իշխանության պահպանման լավագույն ձեւը ժողովրդին վախի մթնոլորտում պահել է, իսկ բոլոր նրանց, ովքեր հանդես կգան իրենց դեմ, անհրաժեշտ է լռեցնել ամենադաժան մեթոդներով: Մինչդեռ ներիշխանական մեկ այլ, ոչ պակաս ազդեցիկ Բաքվի խմբավորումը կարծում է, որ բարեփոխումների անցկացումն ուղղակի անխուափելի է: Այդ խմբավորման ներկայացուցիչները գտնում են, որ եթե իրենք չսկսեն բարեփոխումներ անցկացնել, ապա երկրում կարող է ժողովրդական լուրջ շարժում ծավալվել, ինչը չի փրկի ուժային մեթոդներով աշխատող համակարգը: Բաքվի խմբավորումը կարծում է, որ իշխող խմբավորումը պետք է փոխվի եւ ի հայտ գան նոր դեմքեր»,-գրում է «Պոլիգոնը»:
Աղբյուրը հայտնում է, որ բարեփոխումներ անցկացնելու-չանցկացնելու հարցը բավական լուրջ է դրված, այդ պատճառով էլ երկու խմբավորումների մեջը պայքարը գնալով թեժանում է, քանի որ որոշակիորեն դրանից է կախված 2013-ի նախագահական ընտրություններում նրանց հաղթանակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:



























