Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարաձայնությունները հետխորհրդային տարածքի համար այլեւս աշխարհաքաղաքական կարեւոր գործոն չեն: NEWS.am –ի թղթակցին նման կարծիք հայտնեց Միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի (IRIS) փորձագետ, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հարցերով մասնագետ Լաուրա Դելկուրը:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի` համատեղ հակահրթիռային պաշտպանության հարցում կոնսենսուսի բացակայությունն ազդել հետխորհրդային տարածքի առանձին խնդիրներում այդ երկու ուժերի մոտեցումների վրա, Դելկուրը նշեց, որ 2007 – 08թթ. իրավիճակն արդեն հնացած է. «Կարծում եմ` Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անհամաձայնությունները հետխորհրդային երկրների համար այլեւս կարեւոր գործոն չեն կարող լինել, հատկապես` վրացական պատերազմից եւ Բարաք Օբամայի ընտրությունից հետո: Այլ խոսքով` միջազգային եւ տարածաշրջանային գործոնների հարաբերակցությունում աճել է վերջինի դերը»,-կարծում է Դելկուրը:
Նրա կարծիքով, այն փաստը, որ միջազգային միջնորդությունը հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթացի չբերեց, նույնպես ընդգծում է տարածաշրջանային գործոնների կարեւորության մասին: «Դա ընդունվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների` Դովիլում 2011թ. մայիսին ընդունված հռչակագրում. կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում այն ընդգծում է երկու երկրների դերը»,- հայտարարեց Դելկուրը:



























