Տասնյակ ցուցարարներ  նոյեմբերի 16 - ի երեկոյան ներխուժել են Քուվեյթի  խորհրդարանի շենք:
Նրանք պահանջում են կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետ Նասեր ալ Մուհամեդ ալ Սաբահի հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Reuters-ը, մեջբերելով ականատեսների խոսքերը, գրում է, որ ցուցարարները ներխուժել են նիստերի դահլիճ, որտեղ երգել են ազգային հիմնը եւ մի քանի րոպե անց գնացել, որպեսզի միանան Ազգային ժողովի  շենքի մոտ հավաքված ցուցարարներին: Ըստ տարբեր գնահատականների` ցույցին մասնակցել են մի քանի հարյուրից մինչեւ մի քանի հազար մարդ:

 Խորհրդարանի շենքի գրավմանը նախորդել են Նասեր ալ Սաբահի տուն ուղեւորված ցուցարարներին ցրելու գործողությունները, ընդ որում`ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ, մի քանի ցուցարարներ տուժել են: Ըստ Agence France-Presse-ի, սա  2010թ. դեկտեմբերից ի վեր բռնության առաջին դեպքն էր քաղաքական ցույցի մասնակիցների դեմ, չնայած վարչապետի  հրաժարականը պահանջող ցույցերը պարբերական բնույթ են կրում:

71-ամյա Շեյխ Սաբահ ալ Նասերը երկրի  էմիր Սաբահ ալ Սաբահի  եղբորորդին է: Համաձայն պետական  օրենսդրության` Քուվեյթի վարչապետին նշանակում է  էմիրը`  իշխող ընտանիքի անդամների շարքից: Վերջինս, իր հերթին, նշանակում է Ազգային ժողովի 15 անդամների: Մնացած 50 պատգամավորներն ընտրվում են ընդհանուր ընտրությունների ժամանակ` չորս տարի ժամկետով:

Նասեր ալ Սաբահի գործողությունները ենթարկվել են ընդդիմության քննադատությանը 2006 թվականի փետրվարից սկսած, երբ նա դարձավ վարչապետ: Նրա պաշտոնավարման ընթացքում խորհրդարանն արդեն երեք անգամ, կառավարությունը`վեց անգամ ցրվել են: Քուվեյթի նախորդ կառավարությունը հրաժարական է տվել 2011թ. մարտին` բյուջետային միջոցների ենթադրյալ վատնումների եւ Սահմանադրության խախտումների կապակցությամբ խորհրդարանի իշխող ընտանիքի անդամ երեք նախարարների հարցաքննությունից խուսափելու համար, հիշեցնում է «Lenta.Ru»-ն: