Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ժողովրդավարության սկզբունքները ծաղրի առարկա է դարձրել. այսպես է արձագանքել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Պուտինի երրորդ նախագահական ժամկետին առաջադրվելու մտադրությանը: Ըստ նրա, միջոցը, որով դա ավում է, ընտրությունները ծաղրի է վերածում:
Հիշեցնենք, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու կառաջադրվի նոյեմբերի 27-ին: Այժմ Ռուսաստանում եւ Արեւմուտքում ոչ ոք չի կասկածում, որ Պուտինի վերադարձը Կրեմլում որոշված հարց է:
Հուշերի հերթական գրքի լույսընծայմանը նվիրված հարցազրույցում Ռայսը ենթադրել է, որ Պուտինը Կրեմլ վերադառնալուց հետո կուժեղացնի ընդդիմության նկատմամբ ճնշումները եւ ավելի կկենտրոնացնի իշխանությունը: Եվ դա, ըստ նրա, Ռուսաստանում կարող է զանգվածային լուրջ ցույցերի հանգեցնել, հայտնում է Reuters-ը:
Միեւնույն ժամանակ, նա ենթադրում է, որ նման զարգացումներին կարող է խանգարել Ռուսաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը:




























