Հայաստանի կառավարության այսօրվա` նոյեմբերի 17-ի որոշմամբ «Մանկական Եվրատեսիլ 2011» հիմնադրամին որպես նվիրաբերություն կտրամադրվի 172 մլն դրամ (մոտ 450 հազ. դոլար)` 2011 թ. դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Երեւան քաղաքում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի կազմակերպմանն աջակցելու նպատակով:
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միության որոշմամբ 2011 թ. մանկական եվրատեսիլը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում: Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար պայմանագիր է կնքվել շվեդական հանրահայ «Էյջ Դի Ար» ընկերության հետ, որը Հայաստան է ներմուծելու գերժամանակակից հեռուստատեսային տեխնիկա: Քանի որ Եվրոպական հեռարձակողների միության հատկացրած ու գովազդից ստացված միջոցները բավարար չեն Եվրատեսիլի ծախսերն ամբողջապես ծածկելու համար` կառավարությունը որոշել է օգնել իր պահուստային միջոցներից:



























