Հանգամանքը, որ նախարարն իրեն թույլ է տալիս «շարիկ խաղալ» Ազգային Ժողովի նիստի ընթացքում, պայմանավորված է խորհրդարանի նախագահի բացակայությամբ: Այդ մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցությա ղեկավար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հանգամանքին, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը iPad 2-ով «շարիկ է խաղացել»:
«այդ հանգամանքը պայմանավորված է խորհրդարանի նախագահի բացակայությամբ: Ինչպիսի տարաձայնություններ էլ ունենայինք նախկին նախագահի հետ, այդուհանդերձ, նրա ներկայությունը պատգամավորներին ստիպում էր ներկայանալ նիստերին, կառավարության անդամները ուզեին, թե չուզեին հարգանքով էին պատասխանում պատգամավորների հարցերին: Հովիկ Աբրահամյանը բազմիցս դիտողություններ է արել կառավարության անդամներին, շատ լուրջ օրինագծեր ձախողվել են»,- նկատել է Սաֆարյանը` հավելելով, որ հեռացող նախագահը որեւէ կերպ չի խոչընդոտել խորհրդարանի աշխատանքին:
Ըստ պատգամավորի, կառավարության անդամները, գիտակցելով, որ խորհրդարանում դիմադրության չեն հանդիպի, իրենց այդկերպ են պահել:
Սաֆարյանն ասել է, թե շատ զայրացած էր, տեսնելով տեսագրությունը, թե ինչպես է նախարարը համակարգչային խաղ խաղում, երբ զուգահեռ ելույթ ունենում իր գործընկեր Արմեն Մարտիրոսյանը` թվարկելով հանքարդյունաբերության ոլորտում չարաշահումների դեպքերը:
Հարցին` անհրաժեշտություն կա՞ արդյոք զբաղեցրած պաշտոնից ազատել նախարարին, Սաֆարյանը պատասխանել է. «Շարիկ խաղալը պաշտոնանկության լուրջ պատճառ չէ: Կառավարության հրաժարականի համար ավելի լուրջ պատճառներ կան»:



























