Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստան կատարած այցի շրջանակներում, նոյեմբերի 16-18-ը, տեղի է ունեցել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

NEWS.am-ին ԱԱԽ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա.Երիցյանը: Կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել գործողությունների ծրագիր 2012-2013թթ.համար` փոխգործակցության խորացմանն ուղղված միջոցառումների ցանկով եւ ժամանակացույցով: Այնուհետեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում հայաստանյան պատվիրակության, ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ ստորաբաժանումների ներկայացուցիչների եւ փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում» թեմայով կլոր սեղան-քննարկում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով եւ բարձր է գնահատել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը` ընդգծելով Հայաստան-ՀԱՊԿ ակտիվ փոխգործակցության կարեւորությունը: Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են նաեւ 2012թ. Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստմանն առնչվող հարցեր: