Ադրբեջանում դեղագործական բիզնեսն ամբողջությամբ վերահսկվում է Փաշաեւների կողմից, սակայն նրանց ազդեցությունն այնքան է մեծացել, որ նրանք անգամ ասպարեզից դուրս են մղում իշխող` Ալիեւների տան ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ, ադրբեջանական «Ազադլըգը» գրում է, որ Փաշաեւները թույլ չեն տալիս, որ Իլհամ Ալիեւի հանգուցյալ հորեղբոր` Աղըլ Ալիեւի որդուն պատկանող «Ռիադ Ֆարմ» դեղագործական ընկերությունը շարունակի իր գործունեությունը:

«Նախկինում այդ կազմակերպությունը դեղորայքի վաճառքով զբաղվող առաջատար կազմակերպությունն էր: Փաշաեւներն այդ ոլորտն «իրենցով անելուց» հետո, հարվածեցին «Ռիադ ֆարմի» գործունեությանը` թույլ տալով զբաղվել միայն հանրապետության հարյուր դեղատների վերահսկողությամբ: Այժմ դրանք էլ վերցրեցին նրանց ձեռքից եւ փաստացի վերջ դրեցին ընկերության դեղորայքային բիզնեսին»,-գրում է «Ազադլըգը»:

Սակայն Աղըլ Ալիեւի ժառանգների անհաջողությունները դրանով չեն ավարտվում: Տեղեկություններ կան, որ նրանք զրկվել են նաեւ իրենց պատկանող «տրանսպորտային գծի» վերահսկողությունից: «Նրանք խնդրի հետ կապված փորձել են պարզաբանումներ ստանալ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովից: Վերջինս պատասխանել է, որ «դա իր ձեռքի գործը չէ» եւ ակնարկել, որ դրա հետեւում Փաշաեւներն են կանգնած: Բացի այդ, նույն շրջանակներից եկած կարգադրության համաձայն, Ալիեւների ձեռքից վերցրել են նաեւ «Էր-Ռիադ» առեւտրի կենտրոնի եւ նրա շրջակա շրջանների «տրանսպորտի գծերի» վերահսկողությունը: Դրա պատճառով Աղըլ Ալիեւի ժառանգները կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ: Իսկ այդ գումարների մի մասը պատկանում է «Էր-Ռիադ» առեւտրի կենտրոնում ներդրումներ կատարած մարդկանց, ովքեր այժմ ետ են պահանջում իրենց կորցրած գումարները»,-հաղորդում է «Ազադլըգը»: 

Նշենք, որ նախընտրական պայքարի ֆոնին, նման զարգացումները լուրջ մտորումների տեղիք են տալիս: Ըստ էության, Փաշաեւների դիրքերն ավելի են ամրապնդվում, եւ դա կնպաստի 2013-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուն: