Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում չգործող անասնագոմում հրդեհից մահացած 4 եւ 1 տարեկան երեխաների մահանալուց հետո, նրանց մայրը` 23-ամյա Թեհմինե Միրզոեւան անհետացել է:
Հիշեցնենք, որ այս դժբախտ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 4-ին, գիշերը ժամը 01.00-ին սահմաններում: Հրդեհից մահացել էին 4-ամյա Հայկը եւ 1-ամյա Մոնիկան: Գյուղի բնակիչների փոխանցմամբ, երեխաների հուղարկավորությունից հետո երեխաների մայրը մեղավորության զգացողությունից անհետացել է: Իսկ երեխաների հայրը դեպքից հետո վերադարձել է Ռուսաստանից եւ այլեւս չի ցանկանում մեկնել արտագնա աշխատանքի:
Մանրամասներին ծանոթանալու համար NEWS.am-ը զրուցեց Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով եղելությանը նշեց, որ Ոստիկանությունը երեխաների մորը ձերբակալել է, ապա` բաց թողել: Իսկ կինը, ոչ թե անհետացել է, այլ ամուսինն է հրաժարվել նրանից` երեխաների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:
Ի դեպ, այդ ընտանիքի 3-րդ երեխան, ով 5 տարեկան է, կենդանի է մնացել, քանի որ բարեբախտաբար մայրական կողմի տատիկը օրեր առաջ նրան տարել է իր մոտ:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Լոռիի մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով տան մեջ գտնվող 4 երեխաներից մեկը` 4-ամյա Արենը մահացել էր: Կենդանի մնացած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ 1,5 տարեկան աղջնակը թեթեւ այրվածքներ է ստացել:



























