Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կորցրել է բանակը վերահսկելու կարողությունը, այդ մասին ասված է Ադրբեջանի Անվտանգության եւ հասարակական պաշտպանության ասոցիացիայի հայտարարության մեջ, որը վերաբերվում է վերջին 9 ամիսներին ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի թվի կտրուկ ավելացմանը, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:

Ասոցիացիայի փորձագետները ներկայացրել են այն հիմնական պատճառները, որոնց հետեւանքով նկատվում է մահվան դեպքերի կտրուկ աճ: Այսպես, նրանք արձանագրել են, որ ՊՆ-ի ներկայիս ղեկավար անձնակազմը երկար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, այդ իսկ պատճառով կորցրել է բանակում տեղի ունեցող բացասական երեւույթներին համապատասխան արձագանք տալու կարողությունը: «Նրանց համար սովորական են դարձել բանակում գրանցվող մահվան դեպքերը, եւ նրանք կորցրել են հասարակության առաջ պատասխանատու լինելու կարողությունը:

Բանակային կորպուսների շտաբերում համապատասխան պաշտոններ զբաղեցրած գեներալերն ու ավագ սպաները խուսափում եմ քրեական պատասխանատվությունից», նշված է հայտարարության մեջ: Բացի այդ, զինվորների մահվան դեպքերի կապակցությամբ լուրջ անհանգստություն է ստեղծվել հասարակության ներսում, մինչդեռ պետական մարմինները անտարբերությամբ են մոտենում հասարակական դժգոհությանը եւ կորուստները կանխելու համար քայլեր չեն ձեռնարկում, հայտարարությունը մեջբերում է  «Ենի Մուսավաթը»:

Նշենք, որ վերջին տաս ամսվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողի մահվան 89 դեպք: