Այսօր` նոյեմբերի 18-ին, սկսվում է Վրաստանի կաթողիկոս - պատրիարք Իլիա Բ-ի այցը Մոսկվա` մասնակցելու ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այցի ընթացքում, Վրաստանի ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլիա Բ-ն մտադիր է հանդիպել վրացական եւ աբխազական սփյուռքի ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նորություններ Վրաստանից»-ը` վկայակոչելով վրացական եկեղեցու քարտուղար Միխայիլ Բոտկովելիին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Վրաստանի պատրիարքարանը, Վրաստանի եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցիների առաջնորդները նոյեմբերի 20-ին համատեղ պատարագ կանցկացնեն Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարում: Բացի այդ, Իլիա Բ-ն պատարագ կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող վրացական Սբ Գեորգի եկեղեցում:
Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Բ-ի այցը Մոսկվա կամրապնդի երկու եկեղեցիների բարեկամությունը, կօգնի բարելավել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները, կարծում են Ռուս ուղղափառ եկեղեցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ Regions.ru-ի` «Ռուս-վրացական գործարար զարգացման խորհուրդը» դիմել է երկու եկեղեցիների առաջնորդներին`խնդրելով աջակցել Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների վերականգնմանը` նշելով, որ դա առաջին հերթին հետաքրքրում է Արեւմտյան Վրաստանի ցիտրուսային մրգեր աճեցնող գյուղացիությանը:




























