Նյու Յորքում «Գրավիր Wall Street»-ը նախաձեռնությունը այնքան էլ կազմակերպիչների ծրագրվածի համաձայն չի ընթացել. մետրոպոլիտենի գործունեությունը կաթվածահար անել այդպես էլ չի հաջողվել`մետրոյի վեց ստորգետնյա ճյուղերը միավորող Յունիոն-սքվեր կայարանում հավաքված  մարդկանց սակավության պատճառով:

Այնուամենայնիվ, մի քանի հարյուր ցուցարարների հաջողվել է հաղթահարել Բրուքլինյան կամուրջը: Վանկարկելով «Մենք 99 տոկոս ենք», նրանք գնացել են Բրուքլինի Քեդման փլազա զբոսայգի: Ցուցարարների մյուս մասը  մնացել է Մանհեթանում, քանի որ ոստիկանությունը շրջափակել է Բրուքլինյան կամուրջը: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ մի շարք բախումներ են տեղի ունեցել Զուգոտի զբոսայգում, որտեղ ցուցարարները փորձել են խոչընդոտել ֆոնդային բորսայի բացմանը:

The New York Times-ի բլոգում հայտնվում է, որ բախումների ընթացքում նվազագույնը 17 մարդ վիրավորվել է, նրանցից 7-ը ոստիկաններ են:

Associated Press-ը հաղորդում է 300 ձերբակալվածների մասին, ընդ որում` ցույցի 5 մասնակիցների մեղադրել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակվելու մեջ:

Ավելի վաղ, կազմակերպիչները հայտարարել էին, որ Նյու Յորքի փողոցներ դուրս կբերեն մինչեւ 10 հազար մարդ: ՔաղաքապետՄայքլ Բլումբերգն ասել էր, որ ցուցարարների մեծամասնությունը  գործել  է «պատասխանատվությամբ», նրանց գործողությունները չեն ազդել քաղաքի տրանսպորտի երթեւեկության եւ ձեռնարկությունների վրա: Մինչդեռ, ոստիկանության հավաստմամբ, ցուցարարները  շատ ագրեսիվ պահվածք են ունեցել, շշեր են նետել իրենց վրա:

2011թ. նոյեմբերի 17-ը հայտարարվել է «Գործողության գլոբալ օր»: Հենց այդ օրն է լրանում «Գրավիր Wall Street»-ը շարժման երկու ամիսը, որի մասնակիցները բողոքում են կապիտալիզմի ծնած անարդարությունների դեմ:

Այս օրը ցույցեր տեղի ունեցան ԱՄՆ-ի այնպիսի քաղաքներում, ինչպես Լոս Անջելեսն է, Սենթ Լյուիսը, Վաշինգտոնը, Փորթլենդը եւ Ֆիլադելֆիան: Հանրահավաքներն այդ քաղաքներում հիմնականում խաղաղ էին: Ձերբակալվածների թիվը մի քանի տասնյակ է եղել: