Թերթը  գրում է, որ Ազգային ժողովի քարտուղարությունում հաշվարկել են, որ հնգօրյա ժամկետը, որը լրանալուն պես Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է կրկին ներկայացնի հրաժարականը կամ հրաժարվի դրանից, լրանում է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին:

«Եթե այդ օրը Աբրահամյանը կրկնի հրաժարականը, այդ պահից իսկ կդադարի Աժ նախագահ լինել, եթե չկրկնի, կշարունակի մնալ Աժ նախագահ: Իշխանական միջանցքներում լուրեր են շրջում, թե կան ուժեր, որոնք Աբրահամյանին հորդորում են չկրկնել հրաժարականը: Ըստ լուրերի, այդ հայտնի ուժերը հույս ունեն Աժ նախագահի հրաժարականից հրաժարվելու առիթն օգտագործելով՝ փոխել հարաբերակցությունը գործող Աժ-ում եւ ՀՀԿ-ի բազայի վրա ստեղծել նոր խմբակցություն, որը ԲՀԿ-ի հետ նոր մեծամասնություն փորձի ձեւավորել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, մեծ հավանականությամբ կկրկնի հրաժարականը, քանի որ գիտի՝ խոցելի է իշխանության առաջ, իսկ դիտորդները կարծում են, որ երբ նա այլեւս դե յուրե չլինի Ազգային ժողովի նախագահ, Սերժ Սարգսյանը իսկական գրոհ է ձեռնարկելու «Բարգավաճ Հայաստան»-ի վրա:

Ըստ այդմ, եթե Հովիկ Աբրահամյանի Աժ նախագահ լինելու պայմաններում ԲՀԿ-ի դեմ գրոհ սկսվեր, Հովիկ Աբրահամյանը կարող էր կասեցնել այդ գործընթացը՝ Աժ-ում ուժերի հարաբերակցությունը փոխելու սպառնալիքի ներքո: Ի վերջո, Ծառուկյանն ու Աբրահամյանը խնամիներ են եւ թոռնիկների մասին մտածելու ընդհանրությամբ են կապված»- գրում է «Հայկական ժամանակ»-ը: