ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բնական ռեսուրսների հանձնաժողովը նոյեմբերի 18-ին կողմ է քվեարկել հնդկացիական ցեղային հողերի նկատմամբ միայն մեկ երկրի` Թուրքիային արտաքին առեւտրի նախապատվություն տրամադրելու որոշման նախագծին, այն բանից հետո, երբ այս որոշման կողմնակիցները, խորհրդարանական մարտավարությանը դիմելով, արգելափակել էին մարդու իրավունքների բնագավառում արված լրացումների դիտարկումը, որը կապահովեր համապատասխանող երկրների ավելի մեծ ցանկ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Այս առեւտրային արտոնյալ պայմանների շուրջ բանավեճը արտացոլում է Կոնգրեսում աճող անհանգստությունը ավելի ու ավելի ինքնահավան եւ ագրեսիվ դարձող Թուրքիայի նկատմամբ, որն օգտագործում է ինչպես թանկարժեք լոբբիավորումը, այնպես էլ կոշտ սպառնալիքը` պահանջելով իր հանդեպ հատուկ ուշադրություն ցուցաբերել, նույնիսկ եթե նրա առաջնորդները արհամարհում են մեր արժեքները, ոտնահարում են մեր շահերը եւ սպառնում են մեր դաշնակիցներին»,- ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը:

«Հանձանխումբը միանում է մեր բոլոր հայ եւ հույն, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպան գործընկերներին, որպեսզի երախտագիտություն հայտնի ներկայացուցիչներ Սարբեյնսին, Պալոնեին, Ցոնգասին եւ Դունկանին` նրանց գործադրած բոլոր ջանքերի համար, եւ անհամբեր սպասում ենք մեր դաշնակիցների հետ համատեղ աշխատանքին` ուղղված այս որոշումը չեղյալ դարձնելուն, ելնելով ԱՄՆ ուժեղ, հավասարակշռված եւ բարոյական  առեւտրային քաղաքականության շահերից»,- հավելել է Ամբարյանը: