Կանադան հինգշաբթի առաջին պատժամիջոցներն է սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափի ծայրահեղական իսրայելցիների նկատմամբ և հայտարարել, որ Օտտավան պաղեստինցիների դեմ վերաբնակիչների բռնությունը զսպելու համար լրացուցիչ միջոցներ է դիտարկում:

Կանադայի պատժամիջոցները հետևել են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի նմանատիպ միջոցներին, ուղղված պաղեստինցիների և նրանց ունեցվածքի դեմ բռնություններին ուղղակի կամ անուղղակի ներգրավվածության մեջ մեղադրվող չորս անձանց:

Պատժամիջոցները վերոնշյալ անձանց հետ գործարար հարաբերությունները կարգելեն:

«Ծայրահեղական իսրայելցի վերաբնակիչների կողմից Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնության աճը խորապես անհանգստացնող է և սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Նման միջոցներով հստակ ազդանշան ենք ուղարկում, որ ծայրահեղական վերաբնակիչների բռնի գործողություններն անընդունելի են, և որ նման բռնության համար պատասխանատուները հետևանքների կբախվեն», - ասված է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի հայտարարության մեջ:

2023 թվականին Իսրայելի բռնազավթած Արևմտյան ափում բռնության մակարդակն արդեն հասել է ավելի քան 15 տարվա առավելագույնին:

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափը գրավել է 1967 թվականի մերձավորարևելյան պատերազմում, և այդ ժամանակից ի վեր տարածքը գտնվում է ռազմական բռնազավթման տակ, իսկ իսրայելական բնակավայրերը մշտապես ընդլայնվում են: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կրոնական-ազգայնական կառավարությունն առաջ է մղում բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը: