Ռուսաստանում, այսօր` նոյեմբերի 18-ին, սկսվում է Պետդումայի ընտրությունների արտահերթ քվեարկությունը: Դրանք տեղի կունենան երկրի հեռավոր եւ դժվար հասանելի բնակավայրերում:
Ինչպես գրում է Dni.ru-ն, խոսքը աննշան թվով ընտրողների մասին է (150 հազար մարդ կամ ընտրողների 1 տոկոսը): Արտահերթ քվեարությունը կազմակերպվում է, որպեսզի ՌԴ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունենան օգտվել ընտրելու իրավունքից:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մինչեւ դեկտեմբերի 3-ը, ուղղաթիռներով, ձնագնացներով եւ անգամ շներով լծված սայլակներով կայցելեն հեռավոր ու դժվար հասանելի բնակավայրեր, որոնք կտրված են քաղաքակրթությունից:
Արտահերթ քվեարկություն կկազմակերպվի նաեւ օտար երկրներում գտնվող ՌԴ քաղաքացիների համար, մասնավորապես, Արեւելքի 13 երկրներում: Ընդհանուր առմամբ, Պետդումայի ընտրությունների ժամանակ կբացվեն 376 ընտրատեղամասեր` 146 երկրներում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում պետական դումայի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին:




























