Երեւանում, սեպտեմբերի 23-ին, վնասազերծված հանցախմբի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի եւ նրա կնոջ` Մարինայի կալանքը երկու ամսով երկարձգվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց « Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: «Երեկ մեծ որդուս եւ հարսիս  կալանքը երկու ամսով երկարձգել են, իսկ փոքր որդուս` Անդրանիկինը լրանում է նոյեմբերի 25-ին:  Չգիտեմ կերկարձգեն, թե ինչ կանեն»,- ավելացրեց Սուրիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել Ռուբեն Կարաօղլանյանի, Քյարամ Ամոյանի ու հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Սեպտեմբերի 23-ին կալանքի որոշում էր կայացվել հանցախմբի չորս անդամների` Արամ Հայրապետյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի եւ Արթուր Մանուկյանի նկատմամբ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 222 (Բանդիտիզմ) եւ 175 (Ավազակային հարձակում) հոդվածների հատկանիշներով: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) հոդվածով, իսկ Արթուր Մանուկյանին` նաեւ 316 հոդվածով (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ավազակախումբ են վնասազերծել: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:

Նշենք, որ խոսքը այն հանցախմբի մասին է, որը առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնյաների տների ավազակային հարձակումների հետ: Մասնավորապես, այդ խմբի հետ են կապում ավազակային հարձակումը «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն 55-ամյա Էդուարդ Բեզոյանի տան վրա: Նույն ձեռագրով է կատարվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի բնակարանի եւ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի տան վրա ավազակային հարձակումները: