Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովը նոյեմբերի 9-ին, բանաձեւ է ընդունել` պահանջելով Ադրբեջանից հավատարիմ մնալ Եվրախորհրդի առջեւ իր ունեցած պարտավորություններին։ Այս բանաձեւին կողմ են քվեարկել Քրիստոնեա-ժողովրդավարական միությունը (CDU), Ազատ ժողովրդավարական կուսակցությունը (FDP), Գերմանիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը (SPD), Կանաչները (Die Grünen), իսկ Ձախերը (Die Linke) ձեռնպահ են մնացել:

Այդ որոշման մեջ ասվում է. «Ադրբեջանը 2001թ.-ից Եվրախորհրդի անդամ է եւ 2002թ. ապրիլին ստորագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այդ պարտավորությունները Ադրբեջանն ինքն է ստանձնել եւ պարտավոր է կատարել դրանք։ 2009թ. մարտին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Քրիստոֆ Շթրասերին այդ երկում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող է նշանակել, ինչը նշանակում է, որ նա ազատ մուտք պետք է ունենար Ադրբեջանի կալանավայրեր։ Չնայած բազմաթիվ պահանջներին` այդ երկիրը հրաժարվում է նրան մուտքի արտոնագիր տրամադրել։ Միաժամանակ քաղբանտարկյալների վիճակն այդ պետությունում մտահոգության տեղիք է տալիս։

Ընդդիմադիրները, լրագրողները եւ բլոգերները ահաբեկման են ենթարկվում եւ բանտարկվում։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ Եվրախորհուրդն իր զեկուցողի միջոցով պատկերացում կազմի, թե ինչքանով են պահպանվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներն Ադրբեջանում։

Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովը

- Եվրախորհրդի անդամ երկրներից ակնկալում է ընդունած պարտավորությունների

կատարում, այդ թվում` համագործակցություն լիազորված զեկուցողների հետ,

- պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել

Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Շթրեսերին մուտք գործել իր երկիր,

- պահանջում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից ճնշում գործադրել

Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս որպես Եվրախորհրդի անդամ կատարի իր կողմից  ստանձնած պարտավորությունները եւ միջոցներ ձեռնարկի պաշտպանելու եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները,

- ողջունում է Գերմանիայի կառավարության ջանքերը` որոնք ուղղված են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը»: