Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան` մասնակցելու Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին: Այն կանցկացվի Բաթումում:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հանդիպումը: Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին կհաջորդի երկու վարչապետերի մամլո ասուլիսը: Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Բաթումի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վարդան Կարապետյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



























