Եգիպտոսում այսօր` նոյեմբերի 18-ին, մի քնաի հազար մարդ է հավաքվել մայրաքաղաք Կահիրեի  Թահրիրի հրապարակում. բողոքի ակցիան կսկսվի ուրբաթօրյա աղոթքից հետո:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», մարդիկ սկսել են հրապարակում հավաքվել դեռ գիշերվանից եւ քանի որ Կահիրեում ցուրտ է, նրանք խարույկներ են վառել:

Շուրջ 40 քաղաքական ուժեր ու միավորումներ հայտարարել են, որ միանում են «Ժողովրդավարության պաշտպանության ուրբաթ» անվանումով բողոքի ակցիային:

Ակցիայի գլխավոր նախաձեռնողը «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունն է: Բողոքի ցույցին կմասնակցեն նաեւ նրանց դաշնակից սալաֆիտները, ինչպես նաեւ երիտասարդական շարժումներն ու ազատական կուսակցությունները: Կազմակերպիչներն ակնկալում են, որ ակցիային կմասնակցի շուրջ մեկ մլն մարդ:

Բողոքի ակցիայի պատճառը «Սահմանադրության հիմնարար սկզբունքների» վերաբերյալ փաստաթուղթն է: Իսլամիստներին բարկացրել են այն դրույթները, որոնց համաձայն, բանակը պահպանում է անկախությունը եւ քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը:

Իրենց ընդհանուր հայտարարության մեջ, կազմակերպիչները պահանջում են բանակից հայտարարել նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը եւ իշխանությունը մինչեւ 2012-ի մայիս հանձնել քաղաքացիական ղեկավարությանը: