Նորվեգացի «հրաձիգ»-ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի օրինակը ոգեշնչել է դանիացի աջ ծայրահեղականներին: Այս մասին նշված է Դանիայի հատուկ ծառայությունների ծայրահեղականության ու ահաբեկչության վերաբերյալ զեկույցում, որի վրա հատուկ ծառայությունն սկսել է աշխատել այս տարվա հուլիսի 22-ին` Անդերս Բրեյվիկի կազմակերպած սպանդից հետո:
Ըստ զեկույցի՝ Դանիայի աջ ծայրահեղականներն սկսել են ակտիվորեն զբաղվել հրաձգությամբ եւ մարտական սպորտաձեւերով, ինչպես նաեւ կազմում են քաղաքական հակառակորդների ցուցակներ:
TV 2 News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները արձանագրել են աջ ծայրահեղականների առավել ծայրահեղական թեւի «ռասսայական պատերազմի» պատրաստակամությունը:
Դանիայի անվտանգության ծառայությունը մտահոգված է այն փաստով, որ տեղական ծայրահեղական ուժերը կապեր են հաստատում այլ երկրներում գործող նեոնացիստական առավել ուժերի հետ, որոնք զենքի ձեռքբերման հնարավորություն ունեն:




























