Վրաստանում ազատազրկված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն այսօր հայերիս համար Հրանտ Դինքն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կուր-Արաքս հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը:
«Վահագն Չախալյանի ձերբակալությունը եւ ջավախահայության այսօրվա նսեմացված վիճակը հնարավոր դարձավ հայոց պետական այրերի կեցվածքի պատճառով»,- նշեց նա:
Տիգրան Խզմալյանի խոսքով, վրացական իշխանությունները խնդիրը ներկայացնում են որպես ազգային փոքրամասնության հետ կապված հարց, մինչդեռ Ջավախքի հայությունը փոքրամասնություն չէ, բնիկ հայությունն է, որը ապրում է այդ տարածքում հազարամյակներ շարունակ:
Անդրադառնալով ջավախահայ ծագումով պատգամավորների քայլերին` ասուլիսի մյուս բանախոսը` Կուր-Արաքս հիմնադրամի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այդ պատգամավորները այս նույն համակարգի ներկայացուցիչներն են եւ նրանք ավելի շատ վնաս են պատճառում ջավախահայության դատին, քան օգուտ:
Նշենք, որ Ջավախքում Խորհրդային միության փլուզումից հետո միաժամանակ ապրեց ոգեւորություն: Ալեք Ենիգոմշյանի խոսքով` Ջավախքը` որպես հայկական տարածք, չի դրել անջատման, ինքնավարության խնդիր, եւ եթե Ջավախքում 1990-ականներին հաջողվում էր հայկականության պահպանումը, ապա 2000-ական թվականներին դա դժվարացավ: Իսկ «Միասնական Ջավախք» շարժման անդամ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ, եւ արդեն 3,5 տարի է` նա գտնվում է խիստ ռեժիմի գաղութում ամենախիստ պայմաններում: Նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման, վերաքննությունը հաստատել է արձակված վճիռը եւ այսօր Չախալյանի խնդիրը ներկայացվել է Եվրադատարան եւ ապասում են վճռին: Ի դեպ, երկուշաբթի օրը Հայաստանի երգչախմբային միության դահլիճում Կուր-Արաքս եւ Սարդարապատ շարժումները միջոցառում են կազմակերպել` նվիրված Վահագն Չախալյանին եւ ջավախահայության խնդիրներին:



























