Ցվետանա Պասկալեւայի վավերագրական ֆիլմերն ապացույց կլինեն, երբ սկսենք մեր «Նյուրենբերգյան դատավարությունը»: Այդ մասին նոյեմբերի 18-ին Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմի DVD-ի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը: Պասկալեւան կինոնկարում ներկայացրել է ղարաբաղյան պատերազմի դրվագները, Գետաշենի հայերի տեղահանումը, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության զրկանքները:

Բալայանի խոսքով, այնպես է ստացվել, որ Հայաստանում Պասկալեւան առաջիններից ծանոթացել է իր հետ, Գետաշենի «Օղակ» գործողությունից հետո:  

«Մեր ծանոթությունը տեղի ունեցավ «Օղակ» գործողությունից երկու ամիս անց: Մենք հասկացանք, որ դաժան պատերազմ է սկսվել: Ադրբեջանցիների գրաված Գետաշենի կադրերը տեսնելուց հետո ես հասկացա, որ Պասկալեւայի նկարահանածը գտածո է: Այդ կադրերը շուտով ցուցադրվեցին «Վեստի» ծրագրով: Այնուհետեւ նա եկավ Ղարաբաղ եւ միշտ միասին ենք եղել», - պատմեց Զորի Բալայանը:

Բալայանը Ցվետանա Պասկալեւայի կնքահայրն է, իսկ մկրտությունը տեղի է ունեցել Գանձասարում: