Ստեփանավանում, նոյեմբերի 17-ին սպանված 29-ամյա Ինգա Շիշլոն ու սպանության մեջ կասկածվող, «Անահիտ» հանգստյան տան պահակ Արշավիր Դեմիրխանյանը իրար հետ եղել են ամուսնական կապի մեջ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը: Նա մանրամասնեց, որ արդեն շուրջ 4 տարի, Ինգա Շիշլոն ու Արշավիր Դեմիրխանյանը եղել են փաստացի ամուսիններ, նրանց ամուսնությունը գրանցված է քաղաքացիական կացության ակտերի բաժնում: Այլ մանրամասներ Ստեփանավանի քննչական բաժնից հրաժարվեցին փոխանցել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տանը, նոյեմբերի 17-ին, տեղի է ունեցել սպանություն: Ժամը 22:40-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած վնասվածքներով, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ:

Հիվանդանոց մեկնած իրավապահների կողմից պարզվել է, որ երիտասարդ աղջիկը ազգությամբ ռուս, 29-ամյա Ինգա Շիշլոն է: Վերջինս, ժամը 21:30-ի սահմաններում, «Անահիտ» հանգստյան տան պահակակետում վիճաբանել է հանգստյան տան գիշերապահակի` 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանի հետ:

Վիճաբանության ընթացքում պահակը հարվածներ է հասցրել աղջկա գլխին, որն էլ, հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 104 հոդվածի առաջին մասի (սպանություն) հատկանիշներով: Արշավիր Դեմիրխանյանը ձերբակալված է: