2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կփոխարինի Հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը: NEWS.am-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի հրամանով` նոյեմբերի 17-ին նա նշանակվել է Քննչական խմբի ղեկավար: Նրանց փոխանցմամբ` Վաղինակ Ջանազյանն ընդունել է մարտի 1-ի գործով վարույթը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության պետ է նշանակել Վահագն Հարությունյանին: Վերջինս մինչ այս աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, իսկ 2008թ. մարտի 1-ից հետո քննչական խմբի ղեկավարն էր: Իսկ դրանից առաջ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել եւ կադրերի ռեզերվ ուղարկվել քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանին:



























