ATV-ի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, ում սրտի անոթները ստենտավորել էին, նոյեմբերի 18-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «N3 կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Սամվել Հարությունյանը` հավելելով, որ նրա վիճակը բավարար է, հետվիրահատական բարդություններ չկան, բայց ժամանակ առ ժամանակ նա պետք է այցելի բժիշկներին` ստուգման: Սամվել Հարությունյանի խոսքով` 10 օրից հետո Հրաչ Քեշիշյանը կարող է անցնել աշխատանքի:
Հիշեցնենք, որ ATV-ի գլխավոր պրոդյուսեր, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նոյեմբերի 9-ի գիշերը «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է «N3 կլինիկական հիվանդանոց»: Հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանը նշել էր, որ նա բերվել է սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշումով: «Հետազոտություն է կատարվել, կատարվել է կորոնորոգրաֆիա, որից հետո մեկ անոթի վրա դրվել է ստենտ, եւ վիճակը կարգավորվել է: Ինֆարկտի դեմը առել ենք, կանխել ենք ինֆարկտի զարգացումը»,- ասել էր նա` հավելելով, որ վիճակը կայուն է, բայց հնարավոր է` անհրաժեշտ լինի մյուս անոթների վրա եւս մեկ կամ երկու ստենտ դնել: Իսկ նոյեմբերի 14-ին, Հրաչ Քեշիշյանին վիրահատել են երկրորդ անգամ` այս անգամ 4 անգամ ստենտավորելով սրտի անոթները:



























