Թերթը գրում է, որ հարցազրույցի ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանին զանգահարել եւ զեկուցել են, որ բացահայտել են նախորդ գիշերը Էրեբունի վարչական շրջանում «Վալենտին» տաքսի ծառայության աշխատակցի սպանության գործը: «Լսելով այդ լուրը` Գասպարյանն ասաց. «Ապրեք, չեմպիոններ եք: Հինգ եք ստանում»:
Խոսքը նոյեմբերի լույս 17-ի գիշերը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցածի մասին է: Ըստ ոստիկանության, Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխված մի երիտասարդ, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Պարզվել է` Երեւանի Խաղաղ Դոն փողոցի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանն է: Դատաբժշկի եզրակացության համաձայն` նա կտրող-ծակող վնասվածքներ է ստացել աջ ծնկի եւ ազդրի մասերում: Գալուստ Մելքոնյանը աշխատում էր «Վալենտին» տաքսի ծառայությունում` որպես վարորդ: Թեեւ աստիկանապետին զեկուցել են գործը բացահայտելու մասին, սակայն մանրամասները դեռեւս հայտնի չեն»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:



























