Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում  եւ նրա մերձակայքում, նոյեմբերի 18-ին, բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնք շարունակվել են նաեւ գիշերը: Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով. ակցիայի մասնակիցները նրանց վրա  քարեր եւ շշեր են նետել, իսկ ոստիկանները կիրառել են ռետինե գնադակներ եւ արցունքաբեր գազ:

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը փոխանցում է, որ  ոստիկանները ձերբակալել են 14 մարդու, որոնցից  ազատ է արձակվել միայն մեկը:  Զոհվածների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ցուցարարները պահանջում են երկրում քաղաքական բարեփոխումների անցկացում, հետապնդումների դադարեցում,  քաղբանտարկյալների ազատ արձակում,  իրական պայքար կոռուպցիայի դեմ եւ վարաչպետ Խալիֆ բեն Սալմանի հրաժարականը, ով արդեն 42 տարի այդ պաշտոնին  է:

Հիշեցնենք, որ Բահրեյնում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել էին  այս տարվա փետրվարի կեսերին, որոնց մասնակցում էին  բնակչության 75%-ը կազմող շիա-մահմեդականներին ներկայացնող ընդդիմադիր ուժերը:

Ընդդիմության ելույթները սակայն ճնշվեցին մարտին` Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից ուղարկված ռազմական կոնտինգենտի միջոցով, սակայն սեպտեմբերին երկրում բողոքի նոր ալիք էր բարձրացել: