Քադաֆիի դեմ հանդես եկած լիբիական աշխարհազորայինները Ազգային անցումային խորհրդից (ԱԱԽ) պահանջել են թույլ տալ մասնակցել կառավարության կազմավորման գործընթացին` հակառակ դեպքում սպառնալով հեղաշրջումով, հաղորդում է Associated Press-ը:
Իրենց պահանջները գրոհայինները հաստատել են զանգվածային ակցիայով: Նոյեմբերի 18-ին, մի քանի հազար մարդ` ամբողջությամբ սպառազինված եւ ծանր հրետանու ուղեկցությամբ զբաղեցրել են Տրիպոլիի ձիարշավարանը: Աշխարհազորայինների այս գործողությունները տեղի են ունենում նոր վարչապետ Աբդուռահման ալ Կիբի կողմից նոր կառավարության կազմը հայտարարելու նախօրեին, որը տեղի է ունենալու մինչեւ նոյեմբերի 23-ը:
Այդ դեմարշը դիտորդներն արդեն գնահատել են որպես զինված խմբավորումների կողմից «ուժի ցուցադրում», որոնց զսպելը ԱԱԽ-ի հիմնական դժվարություններից է: Նշվում է, որ քաղաքացիական պատերազմից քայքայված երկում զինված խմբավորումները դեռեւս մեծ կշիռ ունեն:




























