ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հույս է հայտնել, որ Սիրիային կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից: Այս մասին նա հայտարարել է Ինդոնեզիա կատարած այցի ընթացքում` ամերիկյան մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ նախագահ Բաշար Ասադի հրաժարականը «ընդամենը ժամանակի հարց է»: «Մենք հուսով ենք, որ սիրիացիներին կհաջողվի խուսափել քաղաքացիական պատերազմից եւ լուրջ արյունահեղությունից: Ակնկալում ենք, որ նրանք կարող են անհրաժեշտ բոլոր փոփոխություններն իրագործել», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ընդ որում` Արաբական պետությունների լիգան, ըստ նրա, առավել արդյունավետ ճնշումն է գործադրում Դամասկոսի վրա:
Քլինթոնը Սիրիայի ներկա իրավիճակը գնահատել է իբրեւ չափազանց տագնապալի: Ըստ նրա` Սիրիայի իշխանությունները «պետք է փոփոխություններ մտցնեն, այլապես կլինեն հետեւանքներ, որոնցից բոլորս այսքան վախենում ենք»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին լրանում է Արաբական պետությունների լիգայի` Սիրիային ներկայացրած վերջնագրի ժամկետը:
Դրա ներկայացրած պահանջներից մեկը Սիրիա դիտորդներ ուղարկելն է, ինչին Սիրիան սկզբունքորեն համաձայնել է, բայց իր ճշտումներն է մտցրել: Արաբական պետությունների լիգայի ղեկավարությունն այսօր Կահիրեում կքննարկի դիտորդների ներկայության վերաբերյալ Սիրիայի պայմանները:




























