Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես նոյեմբերի 13-ին եւ 19-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց, որից շուրջ 70-ը` «СВД» եւ «Սեւ նետ» դիպուկահարային հրացաններից:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաեւ ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: