Թաիլանդի ուժեղագույն ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 595-ի: Երկու մարդ էլ անհետ կորած են համարվում: Նոյեմբերի 19-ին այսպիսի տվյալներ է ներկայացրել Թաիլանդի բնական աղետների կանխարգելման ազգային վարչությունը:
Երկրում ջրհեղեղները դեռ շարունակվում են, ջուրը շարունակում է մնալ թագավորության 76 նահանգներից 20-ում, այդ թվում` մայրաքաղաք Բանգկոկում: Փաստացի, ջրհեղեղից այս պահին տուժել է ընդհանուր առմամբ 3 մլն մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ազգաբնակչությանն ուղղված հերթական կոչի ընթացքում Թաիլանդի վարչապետ Յանգլակ Չինավատը հավաստիացրել է, որ Թաիլանդի մայրաքաղաքի գործարար կենտրոնը ջրի տակ չի անցնի, քանի որ այդ ուղղությամբ «արդյունավետ» միջոցներ են ձեռնարկվել:
Հիշեցնենք, Թաիլանդում բնական աղետը ավերածություններ է գործում հուլիսի 5-ից: Հուլիսից սկսած տարերքի հետեւանքով թագավորությունում տուժել է 11 մլն մարդ: Շուրջ 1 մլն մարդ բուժօգնության է դիմել, գրեթե 250 հազարը մնացել են առանց ապաստանի: Ջրասույզ են եղել 15 հազար ձեռնարկություններ, գյուղատնտեսական հսկայական հողեր: Վնասի ծավալները, ըստ տարբեր գնահատականների, 10-ից 16 մլրդ դոլարի է հասնում:




























