Ամերիկահայ մանկապիղծ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործն արձագանք է գտել արեւմտյան մամուլում:
Որոշ արեւմտյան աղբյուրներ, մասնավորապես, Լոս-Անջելեսում լույս տեսնող թերթերն ու գործակալությունները, ինչպիսիք են «Ազատություն» ռադիոկայանն ու Agence France-Presse-ը, անդրադարձել են այս գործին, որի վերաբերյալ դատավճիռը կայացվել է օրերս:
Այսպես. AFP-ն գրում է, որ մանկապիղծ գործարարի գործը «շոկի մեջ է գցել պահպանողական քրիստոնեական երկիրը»: Գործակալությունը հիշեցնում է, որ Տեր-Պողոսյանը մինչեւ վերջերս նաեւ վարչապետի խորհրդականն էր:
«Glendale News-Press» թերթը որոշ մանրամասներ է ներկայացրել գործարարի կենսագրությունից, ով ժամանակին ապրել եւ աշխատել է Լոս Անջելեսի մարզի Փասադենա քաղաքում:
1990-ականների սկզբին Տեր-Պողոսյանը պատասխանատու էր Փասադենայում մեքենաների կայանատեղիների համար, աշխատել է Վեւերլի Հիլզի պետական մարմիններում: «Իրաքում ծնված Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել է Վանաձորի դատարանի կողմից, որը Փասադենայի քույր քաղաքն է»,-գրում է պարբերականը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտարարել է. «Դատավճիռն ազնիվ չէ եւ այդ հիմքով համոզված եմ, որ բողոք պետք է ներկայացվի: Բայց կարող է իմ պաշտպանյալն ասի, որ չի ցանկանում»:
Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:




























