Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին մաղթել է Աստծո օգնություն,  իսկ Ռուսաստանին եւ ռուսական եկեղեցուն` հետագա բարգավաճում:

Հիշեցնենք, որ Իլիա Բ-ն Մոսկվայում էր գտնվում ռուսական պատրիարքի 65-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Կիրակի օրը`նոյեմբերի 20-ին, Մոսկվայի Քրիստոս փրկչի տաճարում Աստվածային պատարագն անցկացրել են տեղական չորս եկեղեցիների առաջնորդները` Մոսկվայի եւ  համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն, Վարշավայի եւ համայն Լեհաստանի միտրոպոլիտ Սավվան, Չեխիայի եւ Սլովակիայի միտրոպոլիտ Քրիստափորը: Պատարագին մասնակցել են նաեւ ռումինական եւ բուլղարական ուղղափառ եկեղեցիների պատվիրակները:
Իլիա Բ-ն նշել  է, որ ռուսական եկեղեցու առաջնորդը «մեծ  փորձ ունի հոգեւոր լուսավորման, եկեղեցու եւ պետության, միջկրոնական փոխհարաբերությունների ոլորտներում», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պատարագին հազարավոր հավատացյալներ են ներկա եղել: Պաշտամունքային արարողությանը առավել հանդիսավորություն է հաղորդել նախօրեին Կալինինգրադից հատուկ ինքնաթիռով ռուսական տաճար բերված տապանը` Աստվածամոր գոտիով:

Նոյեմբերի 23-ին` սուրբ նահատակ Գեորգիի հիշատակի օրը, Իլիա Բ-ն Մոսկվայի վրացական Սբ. Գեորգի եկեղեցում պատարագ կանցկացնի: Բացի այդ, հանդիպում է նախատեսված Մոսկվայի վրացական եւ աբխազական համայնքների հետ: