ԱՄՆ ոստիկանությունը Նյու Յորքում ահաբեկչական գործողություն է կանխել: Այդ մասին ուղիղ եթերում հայտնել է ԱՄՆ խոշորագույն քաղաքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

Քաղաքապետը հայտնել է, որ ահաբեկիչը մենավոր գայլ է, իսկ նրա գործողությունների դրդապատճառը Իրաքում ամերիկյան զորքերի ներկայությունն է եւ Ալ Քաիդայի կոչերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալված Խոսե Պիմենտելը իսլամ ընդունած ԱՄՆ 27-ամյա քաղաքացի է` Դոմինիկյան Հանրապետությունից: Ինքն իրեն անվանում է Ուսամա Հուսեյն` «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա  բին Լադենի եւ Սադամ Հուսեյնի պատվին:
Քաղաքապետն ուղիղ եթերով ցուցադրել է ժամային մեխանիզմով ռումբի նկարները եւ հատուկ ծառայությունների կողմից պատրաստած տեսանյութը, որը ցույց է տալիս տվյալ պայթուցիկ սարքի ավերածությունները պայթելու դեպքում: Ծրագրված «ջիհադի» ենթադրյալ թիրախներից էին փոստային կամ ոստիկանական գրասենյակը:

Կասկածյալը ձերբակալվել է նոյեմբերի 19-ին` Մանհեթանում, երբ ռումբի վրա ժամային մեխանիզմ էր տեղադրում, հաղորդել է Նյու Յորքի քաղաքապետը: ԱՄՆ հատուկ ծառայությունների վերջին երկու տարիներին հետեւել են նրան: