Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը կիրակի օրը` նոյեմբերի 20-ին, հայտարարել է լիբիական եւս մեկ առաջնորդի ձերբակալման մասին, որի ձերբակալման հրահանգը տրվել էր Միջազգային քրեական դատարանի կողմից:

Միջազգային քրեական դատարանը լիբիական հետախուզության նախկին պետ Աբդալ աս Սենուսիին ռազմական հանցագործությունների մեջ էր մեղադրել եւ նրան ձերբակալելու հրաման տվել, քանի որ տարեսկզբին Սենուսին Բենգազիում անձամբ ղեկավարել էր հակակառավարական  ցույցերի ճնշումը:

Աբդալ աս Սենուսին հանձնվել է առանց դիմադրության, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրան գերեվարած ԱԱԽ-ի կողմնակից զինյալները խոստացել են նրան ողջ հանձնել իշխանություններին:

Հիշեցնենք, նոյեմբերի 19-ին Լիբիայում ձերբակալվել էր Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը: Նրան պետք է դատեն հայրենիքում, եւ, երեւում է, նույն ճակատագիրը սպասվում է աս Սենուսիին: