Յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համար պատասխանը լինելու է անհամաչափ: Այդ մասին ասված է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարության մեջ` կապված ադրբեջանցի դիպուկահարների կողմից երկու հայ զինծառայողի սպանության հետ:
Վերջին երկու օրվա ընթացքում ԼՂՀ-ից հաղորդագրություն է ստացվել ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով երկու զինծառայողի մահվան մասին: Նախօրեին ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանի մահվան մասին, իսկ կիրակի օրը` մահացու վիրավորվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ «Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին»:
«Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:



























