Առաջիկա կիրակի Հարավային Օսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ռուսաստանի կողմից ճանաչված պետությունում սուր ներքաղաքական պայքար է ծավալվել: Գործող իշխանությունների եւ Կրեմլի համար անակնկալ դարձավ Հարավային Օսիայի կրության նախկին նախարար Ալլա Ջիոեւայի հաջողությունը: Նույնիսկ, գործող նախագահ Էդուարդ Կոկոյտայի վերահսկողության տակ գտնվող ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով, Ջիոեւան հավասար ձայներ է հավաքել իշխանության թեկնածու Անատոլի Բիբիլովի հետ: Ջիոեւան տպավորիչ հաղթանակ է տարել Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում:
NEWS.am-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտարարեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ չճանաչված կամ մասնակի ճանաչված հետխորհրդային պետությունում քաղաքացիական հասարակությունն ավելի զարգացած ու հասուն է, քան միջազգային հանրության կողմից ճանաչված շատ այլ երկրներում:
«Չնայած վարչական ռեսուրսի օգտագործմանն ու Մոսկվայի ճնշմանը, ընտրությունների առաջին փուլի արդյունքներն անսպասելի էին: Սակայն սա առաջին նման դեպքը չէ: Հիշենք Աբխազիայի իրադարձությունները, երբ սուր դիմակայության արդյունքում նախագահ ընտրվեց այժմ հանգուցյալ Բաղապշը: Սա նշանակում է, որ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություններում ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության զարգացման աստիճանն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, Վրաստանում եւ Ռուսաստանում», - նշեց Մինասյանը:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ Մոսկվան «կընդունի» երկրորդ փուլում հաղթանակ տարած ցանկացած թեկնածուի:
Նրա խոսքով, ներկա իրավիճակը խոսում է երկրում առկա ժողովրդավարական վիճակի մասին:
«Մրցակցությունը միայն ի հայտ կբերի առաջնորդի, որին աջակցում է ժողովուրդը: Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում Կրեմլի համար ակնհայտ անցանկալի թեկնածու չի մասնակցում: Ապագա ղեկավարի հետ Մոսկվան կվարի սերտ երկխոսություն եւ կզարգացնի համագործակցությունը: Բոլոր թեկնածուներն էլ հանդես են գալիս Մոսկվայի հետ մերձեցման, նույնիսկ, Ռուսաստանի հետ միավորման օգտին: Սակայն Կրեմլը մի շարք աշխարհաքաղաքական պատճառներով չի կարող գնալ այդ քայլին», - նշեց Մարկովը:
ԼՂՀ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում:
«Ես չեմ կարծում, թե դրված է Ռուսաստանի ազդեցության տակ մնալ-չմնալու հարց: Հարավային Օսիայի ճանաչումը խթանում է քաղաքական մրցակցության զարգացումն այդ երկրում: Երկրորդ փուլին մասնակցող թեկնածուները գործող նախագահ Կոկոյտայի թիմի նախկին անդամներ են: Պատահական թեկնածու չկա: Իհարկե, թեկնածուների միջեւ կարող են լինել անձնական բնույթի որոշ խնդիրներ, սակայն Հարավային Օսիայի միջազգային ճանաչումն ու Ռուսաստանի երաշխիքների շնորհիվ արտաքին սպառնալիքի բացակայությունը հնարավոր դարձրին քաղաքական պայքարի զարգացումը», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վահրամ Աթանեսյանը:
Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագետներն ու քաղաքական գործիչները միակարծիք են, որ անկախ երկրորդ փուլի արդյունքից Ցխինվալը կշարունակի Վրաստանից անկախ լինելու եւ Հյուսիսային Օսիայի հետ միացման հնարավորության քաղաքական գիծը:
Դրա վկայությունն է նաեւ նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ անցկացված հանրաքվեն, որի արդյունքում, մասնակիցների 90 տոկոսը կողմ է արտահայտվել ռուսերենին պետական կարգավիճակ տալուն: Դրա օգտին են քվեարկել նաեւ Կրեմլի թեկնածու համարվող Բիբիլովն ու Հարավային Օսիայում կոռումպացված ռեժիմին աջակցելու համար Մոսկվային քննադատող Ջիոեւան:
Քաղաքագետները միակարծիք են նաեւ, որ բաց քաղաքական դիմակայության նման շքեղություն Հարավային Օսիայի էլիտան իրեն կարող էր թույլ տալ միայն Ռուսաստանի տրամադրած անվտանգության ռազմական երաշխիքների շնորհիվ:
Մինչդեռ, ԼՂՀ-ում իրավիճակն այլ է: Թեեւ Հայաստանը հանդես է գալիս որպես ԼՂՀ անվտանգության երաշխիք, սակայն Հարավային Օսիայի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ իրավիճակից տարբերությունն այն է, որ այդ երաշխիքը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր պատերազմի հրահրումը:
Միեւնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ հասունացել է Հարավային Օսիայի իշխանության փոփոխության պահանջը, քանի որ երկարամյա տոտալ կոռումպացված իշխանական համակարգը վրդովեցնում է բնակչությանը: Բացի այդ, Մոսկվան թեեւ իր աջակցությունն է հայտնել Բիբիլովին` առաջ բերելով հակառուսական տրամադրություններ, սակայն քիչ հավանական է, որ Կրեմլը բացահայտ միջամտի Հարավային Օսիայի ներքաղաքական հակամարտությանը: Առավել եւս, որ այժմ Կրեմլը Կոկոյտայի ռեժիմի վերարտադրվելուց առավել կարեւոր խնդիր ունի: Դեկտեմբերի 4-ին նշանակված Պետդումայի ընտրությունների նախաշեմին շարունակում է ընկնել պուտինյան «Եդինայա Ռոսիայի» վարկանիշը, թեեւ վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ ծավալով:




























