Գարիկ Մարտիրոսյանի հեռուստատեսային ուղին ԽՍՀՄ առեւտրի նախարարության շնորհիվ է սկսվել, հավաստիացնում է ռուսական «Собеседник.ru» հրատարակչությունը:

Ժամանակակից ռուս նշանավոր մարդկանց կյանքի մասին ռեպորտաժում հրատարակչությունը ընթերցողին հին անեկդոտ է հիշեցնում. «Հայրիկ, ի՞նչ եմ դառնալու ես, երբ մեծանամ», - գնդապետ հորը հարցնում է որդին: «Տղաս, դու գնդապետ կդառնաս»,- պատասխանում է հայրը: «Իսկ ինչո՞ւ ոչ գեներալ», հարցին էլ արձագանքում է. «Գեներալներն էլ որդիներ ունեն»: Հրատարակչությունը պնդում է, որ կինոյում, թատրոնում եւ շոու բիզնեսում էլ նույն պատմությունն է, միայն թե առանց ուսադիրների:

Այսպիսով, Գարիկ Մարտիրոսյանի մորական պապը եղել է ԽՍՀՄ առեւտրի նախարարության նախարարի տեղակալ: Հենց պապի շնորհիվ էլ Գարիկը մանկության եւ պատանեկության տարիներին «շոկոլադի մեջ է ապրել», վստահեցնում են նրա ընկերները: Դպրոցում Մարտիրոսյանին միշտ  վստահել են դրոշ կրելը, իսկ հանդեսներին լավագույն ոտանավորներն են տվել:

Առ այսօր շատերն են հիշում, որ Սուրեն Նիկոլաեւիչը երբեք ոչ մեկի չէր մերժում օգնության հարցում: Պապիկի բարությունը թոռնիկին օգնել է «մարդամեջ մտնել»:  «Գարիկը Երեւանից Մոսկվա է գնացել որպես հարազատ  քաղաք, որտեղ հենց սկզբից մուտք է գործել հասարակության բարձր խավեր», - գրում է հրատարակչությունը:

Ճիշտ է, նախքան ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմում աշխատելը, որտեղից սկիզբ առավ նրա փառքի ուղին, Գարիկ Մարտիրոսյանն ավարտել է Բժշկական համալսարանը` հոգեթերապեւտի մասնագիտությամբ: