Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին կիրակի օրը ABC News-ին ասել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն ընդունի Գազայում պատերազմի դադարեցման գործարքը, ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսրայելը նույնպես կընդունի այն:

«Դա Իսրայելի առաջարկն էր։ Մենք բոլոր ակնկալիքներն ունենք, որ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի առաջարկին, ինչպես որ իրենց է փոխանցվել՝ Իսրայելի առաջարկին, ապա Իսրայելը կասի՝ «այո»»,- ասել է Քիրբին։

Վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգնականը կիրակի օրը հաստատել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմի դադարեցման շրջանակային համաձայնագիրը, որը ներկայումս առաջարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ միաժամանակ այն անվանելով թերի և մանրամասն վերամշակման կարիք ունեցող:

Ավելի վաղ Բայդենը ներկայացրել էր եռափուլ ծրագիր, որը համատեղում է պատանդների ազատ արձակումը «լիարժեք հրադադարի» հետ։

Առաջին փուլը տևելու է վեց շաբաթ և ներառում է «իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի բոլոր բնակեցված շրջաններից» և «մի շարք պատանդների, այդ թվում՝ կանանց, ծերերի և վիրավորների ազատ արձակումը՝ հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու դիմաց»։  Երկրորդ փուլը թույլ կտա «փոխանակում իրականացնել  մնացած ողջ պատանդների, այդ թվում՝ տղամարդ զինվորների ազատ արձակման դիմաց»։ Երրորդ փուլում «սկսվելու է Գազայի վերականգնման զանգվածային ծրագիրը»: