«Դաշնակցություն»-ը հայտարարություն է տարածել Փարիզում` կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին քննադատել Ֆրանսիայի արտգործ նախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարությունը` Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ շտապ ընդունել օրենք Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ:

«Nouvelles d`Arménie» ամսագրում տպված ՀՀԴ-ի հայտարարույան մեջ ասվում է հետեւյալը.

ՀՅԴ-ն տեղեկացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարության մասին` Ֆրանսիայում հայ եւ թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծման մասին, որը վերաբերվում է Հայոց Ցեղասպանության իրականացման ժամանակաշրջանի ուսումնասիրությանը: «Դաշնակցությունը» վրդովված է Ֆրանսիայի արտգործ նախարարի հայտարարությունից, որով կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը: Ֆրանսիական կառավարությունը չի կարող կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մաժամանակ առաջարկել պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը պետք է որոշում ընդունի Հայոց Ցեղասպանության իրավացիության վերաբերյալ: Դրանք անընդունելի հակասություններ են ֆրանսիական իշխանությունների կողմից, որոնք ակնհայտորեն որոշել են երկակի խաղ վարել ճշմարտության եւ ժխտման հարցում: Դա շեշտում  նաեւ այն հանգամանքը, որ երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում է, Կլոդ Գեանին շտապ գործուղել են Թուրքիա: Հայկական համայնքը բարկացած է եւ վճռական գործողությունների է սպասում Հանրապետության նախագահի կողմից: Այդ թվում ակնկալվում է Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը: Նիկոլա Սարկոզին դեռ Երեւանում էր խոստացել անել դա. թող կատարի իր խոստումը»: