Մանհայմում հակաիսլամական Pax Europa (BPE) միջոցառման ժամանակ դանակահարված ոստիկանը մահացել է հարձակումից երկու օր անց, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Բադեն-Վյուրթեմբերգի քրեական ոստիկանության բաժանմունքը և Կարլսրուեի դատախազությունը։

Հարձակումից հետո ոստիկանը շտապ վիրահատության է ենթարկվել, մտել ինդուկտիվ կոմայի մեջ և մահացել կիրակի երեկոյան, ասվում է հաղորդման մեջ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ խորապես ցնցված է «խիզախ ոստիկանի» մահվան լուրից։ «Բոլորիս անվտանգությունն ապահելու գործին նրա նվիրվածությունը արժանի է բարձրագույն ճանաչման: Իմ մտքերը նրա ընտանիքի և բոլոր նրանց հետ են, ովքեր սգում են նրա մահը այս դառը ժամերին»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

Հարձակումը տեղի է ունեցել Pax Europa հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակվել է ուղիղ եթերում։ Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է երկար մորուքով ակնոցավոր տղամարդը դանակահարում Pax Europa ստենդի մոտ հավաքված մարդկանց: Մի քանի տղամարդ ապարդյուն փորձել են նրանից խլել դանակը, և ի վերջո հարձակվողին հաջողվել է կանգնեցնել միայն ոստիկանի կրակոցով։

Իրավապահ մարմինների տվյալներով, ենթադրյալ հանցագործը 25-ամյա աֆղանստանցի է, որը 2014 թվականից բնակվում է Գերմանիայում, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Խուզարկություն է իրականացվել Հեսսենի Հեպենհայմ քաղաքում գտնվող նրա տանը։

Մանհեյմի Շուկայի հրապարակում հարձակումից հետո նա վիրավորվել է ոստիկանի կրակոցից և վիրահատվել, սակայն նրա վիճակը թույլ չի տալիս հարցաքննություն անցկացնել։

Հարձակման ժամանակ, բացի ոստիկանից, վիրավորվել է միջոցառման հինգ մասնակից։ Pax Europa-ի ներկայացուցիչների տեղեկացմամբ, հարձակման գլխավոր թիրախը եղել է այս շարժման առաջնորդ Միխայել Շտյուրցենբերգերը։