«Այլ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը պատրաստ է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից, որպեսզի Ռուսաստանի նախագահի թեկնածու առաջադրվի: Այս մասին նա հայտարարել է Twitter սոցիալական ցանցում:

Լիմոնովը Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 1978թ.: Ռուսաստանի օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիություն ունեցող անձանց ղեկավար պաշտոններ զբաղեցնել:

Միեւնույն ժամանակ, «Այլ Ռուսաստան»-ի առաջնորդը  կարծում է, որ Ռուսաստանի ընդդիմության հաղթանակի համար մեկ միասնական թեկնածու է պետք: Լիմոնովը պատրաստ է «կրակին ընդառաջ գնալ»: Նա հայտարարել է, որ «նման պատմական ընտրություններն առանց պայքարի հանձնել չի կարելի», եւ նա «հույս ունի հաղթել մարդկանց հոգիներում»:

Էդուարդ Լիմոնովը Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել դեռեւս երեք տարի առաջ, հիշեցնում է «Лента.Ру»-ն:

Ընդ որում, նրա ղեկավարած կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ: Արդարադատության նախարարությունը մերժել է նրան` պատճառաբանելով դրա կանոնադրության անհամապատասխանությունը օրենսդրությանը, թեեւ կանոնադրությունն արտագրվել էր արդեն գրանցված ՌԴԿԿ-ի կանոնադրությունից:

Փաստացի, «Այլ Ռուսաստան»-ը իրավունք չունի Լիմոնովին նախագահ առաջադրելու, եւ նա ստիպված է ինքնաառաջադրվել, իսկ դրա համար 2 մլն ընտրողների ստորագրություն է պետք:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան 2012թ. մարտին: Նոր նախագահի լիազորությունների ժամկետը կկազմի վեց տարի: