Միայն Առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում նման դատողություններ անել, որ գործը «փլվել է», իրավաբանորեն ճիշտ և գրագետ չէ: Այսպես այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատասխանեց լրագրողի հարցին՝ թե հասարակության կարծիքով,  եթե Սերժ Սարգսյանի գործով ճիշտ նախաքննություն իրականացված լիներ, դատարանում այդ գործը չէր «փլվի»:

«Սերժ Սարգսյանի գործը՝ իմ ընկալմամբ, եղել է շատ ամուր և մնում է ամուր՝  և՛ ապացույցների առումով, և՛ գործով դատավարական կարգը պահելու առումով: Փառք Աստծո, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ: Միայն Առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի պայմաններում նման դատողություններ անել, որ գործը «փլվել է», իրավաբանորեն ճիշտ և գրագետ չէ: Ինչպես հայտնի է, Դատախազությունը հայտնել է, որ պետք է բողոքարկի այդ դատական ակտը»,-հավելեց Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին գաղտնալսումից հետո հավաքագրել են՝ որպես ազդեցության գործակալ,  արդյո՞ք վերջինիս հավաքագրելու փորձեր նույնպես եղել են, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ հավաքագրելու փորձեր չեն եղել և չեն կարող լինել: Վարչապետի այդ հայտարարությունը չեմ լսել, կլսեմ, հետո կարծիք կունենամ»:

Հաջորդ հարցին ի պատասխան,  թե տեսակետերից մեկի համաձայն, ձայնագրությունը օտարերկրյա գործակալների կողմից է արվել, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց, որ այդ գործով տուժողի կարգավիճակ ունի, և ոչ բոլոր տվյալներին է տիրապետում:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի նա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ լավ հարաբերություններ ունի:

Անդրադառնալով Լևոն Երանոսյանի՝ համաներման մասին դատարանի կայացրած վճռին, Սասուն Խաչատրյանն ասաց.«Եթե մարդը ազատազրկման է դատապարտվում, նշանակում է՝ մեղավոր է չէ՞ ճանաչվում: Բա ո՞նց եք ասում՝ գործը փլվել է»: