Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ վերջերս իրենք մահապարտ ահաբեկչի մասնակցությամբ դիվերսիայի փորձ են կանխել: Ավելին, ահաբեկչության կազմակերպման հետևում կանգնած են եղել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի զինյալները, հայտնել է «Сегодня в Израиле» պորտալը։

Ըստ Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության՝ մարտի 15-ին Նաբլուսում պայթյուն ծրագրելու գործում ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել է ներկայում Հորդանանում ապրող պաղեստինցի Անաս Շուրմանը:

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Շուրմանին հավաքագրել է ՀԱՄԱՍ-ի զինյալ Թուրքիայում բնակվող Իմադ Աբիդը։ Շուրմանը համաձայնել է ահաբեկչություն իրականացնել որպես մահապարտ ահաբեկիչ ՀԱՄԱՍ-ի անունից՝ նպատակ ունենալով հարվածել Իսրայելին։

Հարձակումից առաջ հավանական մահապարտ-ահաբեկիչը նկարահանել է կտակը, մոտոցիկլետ վարելու դասեր է անցել, որպեսզի կարողանա օգտագործել այն հարձակման ժամանակ, ինչպես նաև ստացել է հարձակումն իրականացնելու միջոցներն ու հրահանգները, ներառյալ զենքը թաքստոցից վերցնելու ցուցումները:

Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայությունը մոտ 12 կիլոգրամ կշռող մեծ բեկորային ռումբ է առգրավվել պահոցից, իսկ մոտակայքում գրավոր ցուցումներ են գտել, թե ինչպես պետք է ահաբեկչություն իրականացնել: Ձերբակալվել են նաև դավադրության մեջ ներգրավված ՀԱՄԱՍ-ի այլ ակտիվիստներ:

Շուրմանին մեղադրանք է առաջադրվել անվտանգության մի քանի լուրջ իրավախախտումների, դրանց թվում՝ «մահափորձի» (ըստ զինվորական օրենսդրության՝ սպանության փորձի) և ահաբեկչական խմբավորման անդամակցության համար։ նմանատիպ մեղադրանքներով մեղադրանք է առաջադրվել Նաբլուսի ևս հինգ բնակիչների նկատմամբ:

Անվտանգության ծառայությունը պարզաբանել է, որ իր հետաքննությունը «բացահայտել է ՀԱՄԱՍ-ի արմատները… Թուրքիայում և Իսրայելում ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը այդ երկրի մասնակցությունը: