Եթե ես իմ մի ձեռքի հինգ մատների վրա թվարկեմ իմ ճանաչած ամենակոմպետենտ և գրագետ իրավաբաններին, Դավիթ Խաչատուրյանը՝ անկախ նրանից, նա իմ եղբայրն է, թե ոչ, նրանցից մեկն է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է իր եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը ՍԴ դատավոր դարձել:
«Այն ժամանակ, երբ ես Դատախազությունում քննիչ էի, Դավիթ Խաչատուրյանը երկար տարիներ զբաղացրել է ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով օգնականի պաշտոնը: Դուք պատկերացնու՞մ եք՝ դա ինչ պատասխանատվություն է, և ինչ որակի իրավաբան պետք է լինի անձը, որ նրան վստահվի նման պատասխանատվություն»,-ասաց Սասուն Խաչատուրյանը և հավելեց, որ դատավորները 131 ձայնով Դավիթ Խաչատուրյանին ընտրել են ՍԴ դատավորի թեկնածու:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկություն։ Դատավորների ընդհանուր ժողովը այս պաշտոնին առաջադրել էր իրավաբան Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը 70 ձայնով արժանացել էր միահամուռ պաշտպանության։





























