Եթե Ռուսաստանը 2008թ. Կովկասում վճռական գործողությունների չդիմեր, դա կհանգեցներ ՆԱՏՕ-ի սահմանների էական ընդլայնման:  Այս մասին Վլադիկավկազում Հարավային ռազմական շրջանի  սպաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ  Դմիտրի Մեդվեդեւը:

«Եթե մենք 2008թ. անվճռական լինեինք, ապա այժմ  աշխարաքաղաքական այլ դասավորվածություն կլիներ, եւ մի շարք երկրներ, որոնց արհեստականորեն ուզում էին ներքաշել Հյուսիսատլանտյան դաշինք, ամենայն հավանականությամբ, արդեն այնտեղ կլինեին», - ըստ ՌԻԱ Նովոստիի` ասել է Մեդվեդեւը:

Ըստ նախագահի` Ռուսաստանն անհանգստացած է իր սահմանների մոտ ռազմական բլոկի առկայությունից, որը «որոշակի անհարմարություններ է ստեղծում»:

Խոսելով Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների մասին` Մեդվեդեւը նշել է, որ այդ կառույցի հետ ուղղակի մրցակցություն չկա, բայց «անվտանգության ոլորտում մի շարք առաջադրանքների լուծման շուրջ տարաձայություններ կան»:

ՆԱՏՕ-ում նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ում 2008թ. սխալ էին հաշվարկել, քանի որ Ռուսաստանի կողմից Կովկասում ակտիվ գործողությունների չէին սպասում, առանց որոնց դրա կազմում արդեն, հնարավոր է, ընդգրկված կլինեին Ուկրաինան եւ Վրաստանը:

«Նրանք իրականում միանգամայն այլ պատասխան էին ակնկալում` եւ քաղաքական, եւ ռազմական առումով: Նրանք բոլոր այս հարցերում սխալ հաշվարկ էին կատարել: Սա, իրոք, կմնա պատմության մեջ, ինչ էլ որ ասեն»- ասել է Ռուսաստանի ղեկավարը: